Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Չէի ցանկանա, որ մարեր ժողովրդի` իշխանափոխության հետ կապված հույսը»

«Չէի ցանկանա, որ մարեր ժողովրդի` իշխանափոխության հետ կապված հույսը»
19.12.2008 | 00:00

«ԱՐԱՏԱՎՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍԵՐՏԱՃԱԾ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
«Թուրքիայում ստորագրահավաքը, իհարկե, աննախադեպ երևույթ է։ Թերևս, մեկ-երկու տարի առաջ անհնար էր նույնիսկ այդ մասին երևակայել։ Սա խոսում է մեծ տեղաշարժի մասին առնվազն մի շերտի շրջանում, որին կանվանենք մտավորական կամ իր պատմությունն անաչառ գնահատող մտավորականության հատված։ Սակայն չպետք է ոգևորվել և կարծել, թե Թուրքիան փոխվում է։ Ոչ ոք թող չփորձի նաև սա փաստարկ օգտագործել, քանի որ Թուրքիայի այսօրվա դիմագիծն այլ է։ Դա այն Թուրքիան է, որը չհանդուրժեց Հրանտ Դինքին և չի հանդուրժում իր իսկ ազգակցին, ով համարձակվում է խոսել ցեղասպանության մասին։ Այդուամենայնիվ, հարկավոր է արձանագրել, որ սա մեծ տեղաշարժ է հասարակական մտածողության մեջ։ Սա նախանշան է և հնարավոր է ժամանակի ընթացքում տարածում ունենա»,- Թուրքիայում մտավորականների նախաձեռնած` 1915 թվականի իրադարձությունների համար «հայ եղբայրներից ու քույրերից ներողություն խնդրելու» ակցիայի առնչությամբ այս գնահատականով սկսեց մեր զրույցը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ։
-Պարոն Շահբազյան, նման նախաձեռնությունն արդյոք պայմանավորված չէ՞ վերջերս Թուրքիայի հետ Հայաստանի «նախաձեռնողական» քաղաքականությամբ` հաշվի առնելով Թուրքիայի նախագահի այցը Հայաստան։
-Կարծում եմ` սա մի շարք գործոնների հետևանք կարող է լինել։ Թուրքիան խիստ ազգայնամոլական երկիր է` կրոնական, քաղաքական անհանդուրժողականության մտայնությամբ։ Մի կողմից էլ, Հայաստանի քայլերը տեսնելով` հասկացան, որ Հայաստանը բաց է ներկայանում։ Գուցե նաև ինչ-որ դեր խաղաց ավելի հանդուրժողական վերաբերմունքը։ Այն, ինչ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում տեղի ունեցավ, մասնավորապես, ցեղասպանության ճանաչման գործընթացը, չէր կարող հասարակությանն անտարբեր թողնել, նրա առավել առաջադեմ շերտն էլ հնարավոր չէր պահել քողածածկույթի տակ, երկաթե վարագույրի հետևում։ Սակայն կարևորը պատրաստակամությունն է կամ նորովի մտածող մտավորականների ի հայտ գալը, որոնք պատրաստ են և քաջություն ունեն վերանայելու իրենց պատմությունը։ Ինչպես ժամանակին Գերմանիան, այնպես էլ նրանք պետք է կարողանան քավել այս մեղքն իրենց խղճից։ Իզուր չէ, որ այսօր ներողություն են խնդրում։ Սա քաջություն, առաքելություն է, որը վկայում է սեփական խիղճը մաքրելու պատրաստակամության մասին։
-Այս օրերին Հայաստանը մեկ այլ քննություն հանձնեց եվրոպական կառույցում։ ԵԽԽՎ-ում լսվեց մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը։ Ձեր կարծիքով, Հայաստանը որքանո՞վ է կատարել 1609 և 1620 բանաձևերի պահանջը։
-Հայաստանը մի շարք քայլեր է արել այդ ուղղությամբ։ Այլ հարց է` դրանք մեզ բավարարո՞ւմ են, թե՞ ոչ։ Մենք ևս ասել ենք, որ պետք է ավելի արագ արմատական քայլեր անել։ Միաժամանակ հասկանում ենք, որ այս ասպարեզում միանգամից հեղաշրջում չի կարող լինել, որովհետև մեզանում երևույթները համակարգային բնույթ են կրում, և հնարավոր չէ միանգամից այդ համակարգը կազմաքանդել` նրա փոխարեն նորը կառուցելով։ Հիմա դարձյալ անպատժելիության դրսևորումներ ենք տեսնում, որոնք կրկին հասարակության մեջ մտահոգություն են առաջացնում։ Չէի ցանկանա, որ այն հույսը, որ ժողովուրդն ուներ իշխանափոխության հետ կապված, մարեր, ու դրան փոխարիներ հիասթափությունը։ Իշխանությունը պետք է ավելի զգոն լինի, շոշափելի, արդյունավետ քայլեր կատարի։
-Այն, ինչ այսօր կա, ՀՅԴ-ին շոշափելի չի՞ թվում։
-Կան կատարված քայլեր, որոնք մենք դրական ենք համարում։ Բայց ցանկալի են շատ ավելի արմատական, շոշափելի քայլեր ու մեծ վճռականություն։
-Դուք իշխանության մաս եք, ինչո՞ւ չեք բարձրաձայնում այդ քայլերի մասին, չեք իրականացնում դրանց մի մասը։
-Ինչո՞ւ եք կարծում, որ չենք բարձրաձայնում։ Սկսած խորհրդարանական զանազան քննարկումներից` մենք նախանձախնդրություն ենք դրսևորում, որ նախ և առաջ օրենսդրորեն հարաբերությունները կարգավորվեն, որպեսզի և՜ հարկային դաշտն արդար դառնա, և՜ բոլորի համար հավասար պայմաններ ստեղծվեն, և՜ արտոնյալների դասը վերանա։
-Այդ դեպքում ի՞նչն է խանգարում իշխանություններին, որ Ձեր նշած քայլերն ավելի «շոշափելի ու արդյունավետ» դառնան։
-Այն արատավոր համակարգը, որի մասին խոսում ենք, սերտաճած է իշխանության հետ։ Ըստ էության, այն ներկայացնում է իշխանության համակարգը։ Մի տեսակ ստացվում է կռիվ ինքն իր դեմ, բայց իշխանությունն այդ քաջությունը պետք է ունենա։ Հին հույներն ասում էին` ամենադժվար հաղթանակն ինքն իրեն հաղթելն է։ Ես նկատի չունեմ անձերին, այլ համակարգը, որի մաս են կազմում և՜ հասարակությունը, և՜ իշխանությունը։ Պիտի կարողանալ ստեղծել բարոյական մթնոլորտ։ Այսպիսի պայմաններում է հնարավոր հասարակության համախմբումը, հավատի վերականգնումը։
-Այդ արատավոր համակարգի արդյունք չէ՞, որ այսօր ընդդիմությանը խորհրդաժողովի համար ոչ մի դահլիճ չեն տրամադրում։ Ինչի՞ց է իշխանությունը վախենում։
-Մանրամասներին չեմ տիրապետում։ Հավանաբար, իշխանությունը մերժումներին որևէ բացատրություն պետք է տա։ Բայց երբեմն տպավորություն ես ստանում, որ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր ընդդիմության համար են աշխատում։ 2007-ին ընդդիմությունը, որ վախեցավ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որովհետև գիտեր, որ հինգ տոկոսը չի հաղթահարելու, իշխանության «տաղանդավոր» գործելակերպի շնորհիվ կարողացավ 2008-ին, հզոր ուժ հավաքելով, մասնակցել ընտրություններին։ Այժմ ինչո՞ւ են արվում քայլեր, որոնք կարող են հասարակական տրամադրություններ բորբոքել հօգուտ ընդդիմության, հոգեբանական, քաղաքական հող նախապատրաստել։ Ես չեմ հասկանում` ի՞նչ սարսափելի բան պետք է կատարվի, եթե Հայաստանի որևէ դահլիճում կոնգրեսը որևէ միջոցառում կազմակերպի։
-Դեկտեմբերի 19-ին նախատեսված է նաև «7-ի գործով» դատավարությունը։ Որպես ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, նախ` մասնակցելո՞ւ եք դրան, հետո էլ` ի՞նչ եք ակնկալում դատավարությունից։
-Բոլոր հարցերի պատասխանները կտա դատավարությունը։ Հավանական է, որ ժամանակավոր հանձնաժողովի անդամներն այցելեն դատարան։ Սակայն, անկախ դրանից, պետք է հետևենք գործընթացին, քանի որ հենց այս դրվագի հետ է կապվում ողջ գործը։ Սրանով է, որ պետք է իսկապես փաստվի` կատարվածն արդյունք է իշխանության բռնի իրացմա՞ն, թե՞ ոչ, ընդդիմությունը քաղաքական խնդիրնե՞ր է հետապնդել, թե՞ ոչ և այլն։ Սա հիմնական կորիզը կամ լակմուսի թուղթն է, որը պետք է լույս սփռի գործի բնույթի վրա, բացահայտի այն։ Կարևոր է, որ դատական գործընթացը զերծ լինի քաղաքական, ամբոխավարական շահարկումներից, տրամադրություններից։ Եվ այս, և այն կողմից։ Անհրաժեշտ է, որ անաչառ դատավարություն ընթանա` կողմնակի ազդեցություններից դուրս։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3571

Մեկնաբանություններ